Գերզանգվածեղ սև խոռոչը մոլորակ «խժռելիս»

Առաջին անգամ աստղագետները հայտնաբերել են սև խոռոչ՝ հսկա մոլորակ «խժռելիս»։

Սև խոռոչն ամբողջությամբ չի «խժռել» այդ օբյեկտի նյութը, որն ըստ գիտնականների կամ Յուպիտերի տիպի որևէ աստղին չպատկանող՝ տիեզերքում ազատ «թափառող» հսկա մոլորակ է, կամ էլ պարզապես փոքր զանգվածով աստղ՝ դարչնագույն թզուկ, որն էլ չնայած ավելի մեծ է քան մոլորակները, բայց բավական զանգվածեղ չէ, որպեսզի միջուկում առաջանան ջերմամիջուկային ռեակցիաներ։

Այս աշխատանքի համահեղինակներից մեկը՝ ժնևի աստղադիտարանի աշխատակից Ռոլանդ Ուոլտերն ասել է․ «սա առաջին դեպքն է, երբ մենք գրանցել ենք ոչ-աստղային օբյեկտի աղավաղումը սև խոռոչի կողմից»։ Նրանց գնահատականներով սև խոռոչը «խժռել» է այդ օբյեկտի զանգվածի միայն 10%-ը, որը հիմնականում այդ օբյեկտի արտաքին նոսր շերտն է, իսկ օբյեկտի ավելի խիտ «միջուկը» շարունակել է իր ուղեծրով շարժումը։

Գիտնականներն իրենց հայտնագործությունը կատարել են Եվրոպական Տիեզերական Գործակալության «Ինտեգրալ» տիեզերական աստղադիտակի օգնությամբ, որը գրանցել է 47 մլն լուսատարի հեռավորության վրա գտնվող NGC 4845 գալակտիկայի միջուկից ռենտգենյան բռնկումը։

Օգտվելով նաև Եվրոպական հարավային աստղադիտարանի XMM-Newton և ՆԱՍԱ-ի Swift տիեզերական աստղադիտակների դիտումներից, ինչպես նաև Միջազգային Տիեզերական Ուղեծրակայանում իրականացվող Ճապոնական MAXI ռենտգենյան հետազոտությունից, հեղինակները պարզել են, որ այդ բռնկման առավելագույն արժեքը դիտվել է 2011 թ․ հունվար ամսին, երբ գալակտիկայի միջուկը պայծառացել է մոտ 1000 անգամ, որից հետո՝ մեկ տարվա ընթացքում վերականգնել նախկին պայծառությունը։

Բիալյուկի (Լեհաստան) համալսարանի պրոֆեսոր Մարեկ Նիկոլայուկը իր խոսքում նշել է․ «Մի գալակտիկայից, որն ամենաքիչը 20-30 տարի պասիվ վիճակում է գտնվել, այսպիսի դիտողական արդյունքներ ստանալն անսպասելի էր»։

Այս բռնկման հատկություններն ուսումնասիրելիս գիտնականները պարզել են, որ դրա պատճառը NGC 4845 գալակտիկայի միջուկում գտնվող ավելի քան 300 000 արեգակնային զանգվածով սև խոռոչի կողմից 14-30 Յուպիտերյան զանգվածով օբյեկտի արտաքին շերտերի խժռումն է եղել։

Այս զանգվածի տիրույթը համապատասխանում է դարչնագույն թզուկների զանգվածներին, որոնց հաճախ անվանում են նաև «չձևավորված աստղեր»։ Սակայն հեղինակները չեն բացառում, որ այն կարող է լինել նաև ավելի փոքր՝ ընդամենը մի քանի Յուպիտերյան զանգվածով «ազատ-թափառող» գազային մոլորակ։

Այսպիսի ազատ թափառող մոլորակները, որոնք համարվում են, որ իրենց աստղային համակարգից դուրս են շպրտվել հարևան աստղերի հետ գրավիտացիոն փոխազդեցության հետևանքով, ամենայն հավանականությամբ բավական մեծ թիվ են կազմում ամբողջ տիեզերքում։ Մասնավորապես վերջին հետզոտություններից մեկում այդ օբյեկտների թիվը մեր Ծիր Կաթին գալակտիկայում գնահատվում է «մայր աստղ» ունեցող մոլորակների թվից առնվազն 1.5 անգամ շատ։

Ըստ աստղագետների՝ մեր գալակտիկայի կենտրոնում գտնվող գերզանգվածեղ սև խոռոչը նույնպես «խժռելու բան» կունենա այս տարվա վերջում։ Ըստ նրանց․ մի քանի երկրային զանգված ունեցող գազային ամպը պարուրվում է սև խոռոչի շուրջը և ամենայն հավանականությամբ շուտով այդ նույն բախտին կարժանանա։

Այս աշխատանքը տպագրվել է հեղինակավոր Astronomy & Astrophysics ամսագրում։

Աղբյուրը՝ SPACE.com

Մեկնաբանությունները փակված են։

Blog at WordPress.com.

Up ↑