Հայտնաբերվել են էքզոմոլորակներ, որոնցում կարող է կյանք լինել

NASA-ի «Կեպլեր» ծրագրի շրջանակներում հայտնաբերվել են երկու նոր մոլորակային համակարգեր, որոնք ընդգրկում են բնակելիության գոտում գտնվող երեք «Սուպեր Երկրներ»։

Բնակելիության գոտի է համարվում «մայր աստղից» ունեցած այն հեռավորության տիրույթը, որտեղ աստղի ճառագայթած լույսի հզորությունը թույլ է տալիս, որպեսզի մոլորակի մակերևույթին հաստատվի այնպիսի ջերմաստիճան, որի պայմաններում ջուրը կարող է գոյություն ունենալ հեղուկ վիճակում:

Կեպլեր-62 համակարգը պարունակում է հինգ մոլորակ՝ 62b, 62c, 62d, 62e և 62f: Իսկ Կեպլեր— 69 համակարգում ընդկրկված են երկու մոլորակներ՝ 69b և 69c: Այս արտաարեգակնային մոլորակներից երեքը՝ Կեպլեր-62e, 62f և 69cն համարվում են «Սուպեր Երկրներ»՝ այսինքն մոլորակներ, որոնց չափերը մոտ են Երկիր մոլորակի չափերին:

Նոր հայտնաբերված մոլորակներից երկուսը պտտվում են մի աստղի շուրջ, որն ի տարբերություն Արեգակի ավելի փոքր է և համեմատաբար սառը: Կեպլեր-62f-ը Երկրից մեծ է ընդհամենը 40%-ով, որը մինչ այժմ հայտնաբերված արտաարեգակնային մոլորակներից (էքզոմոլորակ) երկրին չափերով ամենամոտ Էքզոմոլորակն է, որը պտտվում է հեռավոր աստղերից մեկի բնակելիության գոտում: Կեպլեր-62fը հավանաբար ունի սիլիկատային կառուցվածք:

Կեպլեր-62e մոլորակի ուղեծիրը գտնվում է բնակելիության գոտու ներքին տիրույթում, իսկ չափերով այն մեծ է երկրից մոտավորապես 60%-ով: Երրորդ մոլորակը՝ Կեպլեր-69c-ն, մոտավորապես 70%-ով մեծ է երկրից և պտտվում է մեր Արեգակին նման աստղի բնակելիության գոտում:

 

This slideshow requires JavaScript.

Գիտնականներն առայժմ չգիտեն, թե կա՞ արդյոք կյանք այդ մոլորակների վրա, բայց վստահ են, որ վերջիններիս հայտնաբերումը մեզ ևս մեկ քայլով մոտեցնում է այդ բացահայտմանը:

Հեղինակ՝ Միդոյան Արարատ։

Աղբյուրը՝ SPACE.com

Մեկնաբանությունները փակված են։

Blog at WordPress.com.

Up ↑