Վերջապես գտնվե՞լ է «երկրորդ Երկիրը»

Ապրիլի 17-ին աստղագետները հայտնաբերել են առաջին Երկրի չափի մոլորակը աստղի այսպես կոչված « բնակելի գոտում », որը կարող է ապահովել արտերկրային կյանք: Այս հայտնագործությունը կատարվել է գիտնականների մի խմբի կողմից, ովքեր օգտագործել են Կեպլեր աստղադիտակը:

Կեպլեր-186f մոլորակը Երկրից մեծ է ընդամենը 1.1 անգամ և, ի տարբերություն Երկրի, որի վրա տարին կազմում է 365 օր, այս մոլորակն իր աստղի շուրջ պտտվում 130 օրում: Բացի այդ, այն կարող է լինել մեր Արեգակնային համակարգից դուրս հայտնաբերված առաջին մոլորակը, որի վրա ջուրը հեղուկ վիճակում է: Այս մոլորակը արտերկրային կյանքի գոյության մինչ օրս հայտնաբերված ամենահավանական վայրն է: Նույն աստղի շուրջ պտտվում է ևս 4 մոլորակ, որոնք շատ ավելի մոտ են աստղին և չափազանց բարձր ջերմաստիճանի պատճառով նրանց վրա կյանքը բացառվում է:

Հիշեցնենք, որ Կեպլեր տիեզերական աստղադիտարանը Արեգակի ուղեծիր է արձակվել 2009թ. մարտին` արտարեգակնային մոլորակների հայտնաբերման նպատակով: Մասնավորապես, առավել հետաքրքրություն են ներկայացնում հենց փոքր չափերի մոլորակները, որոնց հայտնաբերումը նախկինում հնարավոր չէր օգտագործվող սարքերի զգայնության պակասի պատճառով: Առ այսօր Կեպլերը հայտնաբերել է ավելի քան 2000 մոլորակ, որոնց ճնշող մեծամասնությունը հսկա մոլորակներ են:

 

Աղբյուր` Հայկական աստղագիտական ընկերություն:

Մեկնաբանությունները փակված են։

Blog at WordPress.com.

Up ↑