Սատուրնի շուրջ պտտվող Կասինի արհեստական արբանյակի շնորհիվ կատարված 8 տարվա ռադարային հետազոտությունը ցույց է տվել, որ Սատուրնի ամենամեծ արբանյակ Տիտանը` Արեգակնային համակարգում Երկրից բացի միակ արբանյակը, որն իր մակերևույթին ունի հեղուկով լցված ավազաններ, ունի մի ծով որն ամբողջությամբ մեթանից է բաղկացած:
Մինչ Կասինիի տվյալները, գիտնականները կարծում էին, որ Տիտանի ծովերն ավելի շատ պետք է պարունակեն էթան, քանի որ Արեգակի լույսի ազդեցությամբ մեթանը պետք է վերաձևավորվեր ավելի բարդ ածխաջրածնային միացությունների:
Սակայն Ֆրանսիայի LATMOS հետազոտական լաբորատորիայի գիտնական Ալիս Լե Գոլը և գործընկերները բացահայտել են որ Լայգեյե Մեյրի-ն , որը Տիտանի մեծությամբ երկրորդ ծովն է, ամբողջությամբ մեթանային է:

Գիտնականները ենթադրում են, որ կամ մեթանային անձրևն է շարունակաբար լցնում ծովը, կամ էթանն է «կաղապարված» ծովի հատակում, կամ էլ էթանը հոսում է հարևան ծովը: Այսպիսի հայտարարություն է տարածվել Journal of Geophysical Research Planets ամսագրում տպագրված մամլո հաղորդագրության միջոցով:
Հայտնագործությունը հիմնված է Կասինի արբանյակի կողմից 2007-2015 թթ. իրականացված ռադարային դիտումների վրա: Լայգեյե Մեյրիի ջերմաստիճանային չափումները համատեղվել են 2013 թ. ծովի հատակից անդրադարձած ռադարային ալիքների գիտափորձի արդյունքների հետ, ինչը թույլ էր տվել գիտնականներին գնահատել ծովի խորությունը:
Գիտնականներն ավելացնում են, որ Լայգեյե Մեյրին, որի խորությունը գնահատվել էր 160 մ, հավանաբար հատակին պարունակում է նաև օրգանական նյութերով հարուստ նստվածք:
NASA-ի Jet Propulsion Laboratory-ի Կասինիի հետազոտական խմբի անդամ Սթիվ Ուոլն այս կապակցությամբ ասել է. «Սա հետազոտական առումով անչափ հետաքրքրական քայլ է, քանի որ մենք զբաղվում ենք արտաերկրային օվկիանոսագիտությամբ այլ մոլորակի արբանյակի վրա»:
Հիշեցնենք, որ Կասինին, որը հետազոտում է Սատուրնն ու իր արբանյակային համակարգն արդեն մոտ 12 տարի, բացահայտել էր, որ Տիտանի 1.6 մլն կիլոմետր քառակուսի մակերեսի գրեթե 2%-ը պատված է հեղուկով:
Արբանյակն ունի երեք խոշոր ծովեր, որոնք գտնվում են հյուսիսային բևեռի շուրջը և շրջապատված են փոքր լճերով: Հետաքրքիր է, որ ընդամենը միայն մեկ մեծ լիճ է հայտնաբերված Տիտանի հարավային կիսագնդում:
Նյութի աղբյուրը՝ Discovery News:
Թողնել կարծիք