Գալակտիկաների բախման երևույթը «Հաբլի» աչքով

Գրավիտացիոն փոխազդեցության հետևանքով գալակտիկաների ձուլման երևույթը բավական տարածված է և՛ մոտ և՛ հեռավոր տիեզերքում: Նման մի երևույթ էլ վերջերս դիտվել է (նախկին նկարների համեմատ ավելի բարձր լուծունակությամբ) 350 մլն լուսատարի հեռավորության վրա կետի համաստեղությունում գտնվող Arp 256 գալակտիկաների զույգի մոտ: Զույգը դեռ գտնվում է փոխազդեցության վաղ փուլում:

Փոխազդեցության սկզբում գալակտիկաները դրսևորում են արտաքին տեսքի ձևափոխություններ՝ առանց աստղառաջացման և միջուկի ակտիվ երևույթների դրսևորման: Այնուհետև գալակտիկաների ձևախեղմանը զուգահեռ տեղի է ունենում ակտիվության և աստղառաջացման երևույթների աճ, մինչև որ գալակտիկաների ամբողջական միաձուլման արդյունքում գալակտիկաների գազափոշային բաղադրիչը ցրվում է միջգալակտիկական տարածություն և գալակտիկաները վեր են ածվում ծեր աստղերով հարուստ պասիվ գալակտիկաների, որոնք հաճախ աչքի են ընկնում ուժեղ ռադիոճառագայթմամբ:

 

Ուշագրավն այն է, որ ուսումնասիրելով այս երևույթը գիտնականները փորձում են հասկանալ այն պրոցեսը, ինչ որ սպասվում է մեր Ծիր Կաթին Գալակտիկային միլիարդավոր տարիներ հետո: Բանն այն է, որ Ծիր Կաթին գալակտիկան՝ փոխազդելով հարևան Անդրոմեդայի գալակտիկայի հետ (հայտնի նաև որպես M31), վերջ ի վերջո կմիաձուլվեն ու անհասկանալի է, թե Արեգակն ինչ դիրք կզբաղեցնի նոր գալակտիկայում և ինչ ակտիվ երևույթների միջով կանցնի Երկիր մոլորակը:

Մեկնաբանությունները փակված են։

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: