Կրկնակի աստղային համակարգից եկած հյուրը

2017 թ. հոկտեմբեր ամսին Pan-STARRS 1 աստղադիտակը նշմարել էր ոչ շատ մեծ օբյեկտից եկող լույս: Այդ ժամանակ օբյեկտը Երկիր մոլորակից 30 մլն կմ հեռավորության վրա էր: Առաջին հայացքից այս սովորական թվացող իրադարձությունը հետագայում պարզվեց սենսացիոն է, երբ աստղագետները հաշվարկեցին դրա ուղեծրի պարամետրերը: Պարզվում է, որ այն մեզ «հյուր» է եկել միջաստղային տարածությունից:

Ի սկզբանե ենթադրվում էր, որ «միջաստղային հյուրը» իրենից ներկայացնում է գիսավոր: Սակայն հետագա դիտումները գիսավորին բնորոշ ոչ մի հետք չբացահայտեցին: Քանի որ այդ օբյեկտն առաջինն էր հայտնաբերվել իր տեսակի մեջ, այն հատուկ անվանակոչվեց: Այն ստացավ 1I ինդեքսը և «Օումուամուա» (Oumuamua) անվանումը: Հետագայում պարզվեց, որ այն ունի բավական ձգված տեսք, իսկ իր սպեկտրալ հատկություններով հիշեցնում է D և P դասի աստերոիդներին:

Օումուամուային ուղեծիրը: Աղբյուրը՝ NASA/JPL-Caltech

Չնայած աստղագետներին հաջողվել է ստանալ դրա ուղեծրային պարամետրերը, բայց դրա ծագման մասին դեռևս հստակ պատկերացում չի ձևավորվել: Այս ուղղությամբ մի քանի վարկած է առաջարկվել: Վերջերս էլ, Կանադական աստղագետների մի խումբ, Օումուամուայի առաջացման ևս մի վարկած է առաջարկել: Իրենց կարծիքով այն մեզ հյուր է եկել կրկնակի աստղային համակարգից: Հետազոտողներին զարմացրել է այն փաստը, որ այն իրենից ներկայացնում է աստերոիդ, այլ ոչ թե գիսավոր: Ինչպես հայտնի է, Արեգակը շրջակա տարածություն է շպրտում ոչ թե քարային, այլ գիսավորանման օբյեկտներ: Այս հարցին պատասխանելու համար գիտնականներն առաջարկել են մի մոդել, որը ցույց է տալիս, որ քարային՝ Օումուամուայի նման օբյեկտներն ավելի մեծ հավանականությամբ դուրս են շպրտվում կրկնակի աստղային համակարգերից, քան Արեգակի նման միայնակ աստղերի շրջակայքից: Հաշվարկները ցույց են տալիս, որ քանակական առումով կրկնակի աստղերը դուրս են շպրտում հավասարապես և՛ սառցե և՛ քարային օբյեկտներ:

Օումուամուան նկարչի պատկերացմամբ: Աղբյուրը՝ ESO

Այնուհետև գիտնականները եզրակացրել են, որ Օումուամուան հավանաբար մեզ մոտեցել է կրկնակի աստղային համակարգից, ընդ որում աստղերից մեկն անհամեմատ ավելի զանգվածեղ ու ջերմ աստղ է:  Այսպիսի աստղային զույգը սովորաբեր պետք է շրջապատված լինի մեծաքանակ քարային օբյեկտներով: Գիտնականների կարծիքով՝ հավանաբար աստերոիդը դուրս է շպրտվել դեռևս մոլորակների առաջացման փուլում:

Աղբյուրը՝ http://spaceref.com

One thought on “Կրկնակի աստղային համակարգից եկած հյուրը

Մեկնաբանությունները փակված են։

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: